Հայաստանում ավտոմեքենաների լիցքավորման համար գազաբաշխիչ աշտարակներ արտադրող միակ ընկերությունը` G-G Solutions-ը, Ռուսաստան է ուղարկել գազաբաշխիչ աշտարակների առաջին խմբաքանակը: «Ռուսական շուկան աստիճանաբար բացվում է մեր առջև: Ռուսները հայերի հետ հույս են կապում գազի ոլորտի զարգացման գործում, քանի որ Հայաստանը գազալցակայանների բնագավառում բավականին բարձր մակարդակում է», - ԱրմԻնֆո-ի թղթակլցի հետ զրույցում հայտարարել է G-G Solutions ընկերության տնօրեն Գևորգ Վարդանյանը: Նա հաղորդել է, որ ընկերությունն արդեն բացում է Վրաստանի շուկաները, ուր առաքել է 60 աշտարակ, և Ղազախստանինը` այնտեղ ուղարկելով առաջին մի քանի կայանքը: Ընկերությունը վաղուց գերիշխող դիրք է զբաղեցնում հենց Հայաստանում, որի գազալցակայաններում գործում է ավելի քան 800 աշտարակ: Վարդանյանի ասելով, քանի որ Հայաստանի շուկան արդեն հեղեղված է G-G Solutions-ի արտադրանքով, իսկ մյուս հետխորհրդային երկրներում այդ ոլորտը դեռ զարգացման փուլում է, ապա կայուն պատվերների դեպքում, ոչինչ չփոխելով արտադրական գործընթացում, ընկերությունը կարող է արտադրել ամսական մինչև 50 կայանք: Իսկ եթե պահանջվի արտադրության ծավալների մեծացում, ապա դա կարելի է օպերատիվ կազմակերպել սեղմ ժամկետում, պարզաբանել է նա:
Բացի գազաբաշխիչ աշտարակներից ընկերությունն արտադրում է նաև բնական գազի կոմպրեսորների կառավարման համակարգեր և օժանդակ սարքավորում: «Մենք միշտ ձգտում ենք մեր արտադրանքում օգտագործել հայկական բաղադրամասեր, շատ բան ինքներս ենք անում, սակայն, դժբախտաբար, Հայաստանում արտադրական մթնոլորտը գրեթե բացակայում է, ուստի ներկայում անհնար է ստանալ որակյալ ապրանք` չօգտագործելով արտասահմանյան բաղադրամասեր», - նշել է ընկերության ղեկավարը:
Խոսելով արտադրանքի գներ մասին` Գ.Վարդանյանը հաղորդել է, որ ստացիոնար աշտարակների գները տատանվում են 8000-18000 դոլարի սահմաններում (առանց ԱԱՀ), իսկ շարժականներինը` 7000-11000 դոլարի սահմաններում:
Նշենք, որ G-G Solutions-ը ձեռնամուխ է եղել նաև գազալցակայանների համար կառավարման եզակի ավտտոմատացված համակարգի մշակմանը, որը կհետևի մուտքի/ելքի ճնշմանը, գազի արտահոսքին, հակահրդեհային համակարգի անխափան աշխատանքին և այլ բաղադրիչների ու գործառույթների: -