Արմինֆո. Լիբանանի Հայ դատի հանձնախումբը ՄԱԿ կլիմայական գագաթաժողովին ընդառաջ նամակներ է ուղարկել Բեյրութում հավատարմագրված շուրջ 40 մասնակից երկրների դեսպանատներ, բացատրելով, թե ինչու Ադրբեջանը չպետք է ստանա նման համաժողովի հյուրընկալող կողմի կարգավիճակ՝ ոչ միայն բարոյական, այլև իրավական տեսանկյունից:
Հուշագրի ձև ունեցող նամակում ասվում է, որ, հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը, Բաքուն չի կարող դիտարկվել որպես մի վայր, որտեղ քննարկվելու են մարդու իրավունքներին և բնապահպանությանը վերաբերող հարցեր: "Ադրբեջանն ահաբեկչական պետություն է, որն իրականացրել է պատերազմական հանցագործություններ, Արցախի ողջ բնակչության էթնիկ զտումներ, որին նախորդել է 10 - ամսյա համատարած շրջափակում", - ասված է նամակում:
Հայ դատի հանձնախումբը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են բանտերում պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: "Հայ պատանդներին և ռազմագերիներին Բաքվի բանտերում պահելը լուրջ նախազգուշացում է նրանց համար, ովքեր մտածում են իրացնել միջազգային իրավունքով նախատեսված վերադարձի իրենց իրավունքը։ Ուստի, Ադրբեջանի նոյեմբերյան նախաձեռնության "խաղաղության COP" պիտակավորումն, առնվազն, նողկալի է և ցնցող, քանի որ այն ուղղված է նախնական ագրեսիայի և ցեղասպանության միջոցով խաղաղության հասնելու գաղափարին աջակցելուն", - նշվում է դեսպաններին ուղղված նամակում:
Նշենք, որ մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել ՄԱԿ-ին զերծ մնալ Բաքվում կլիմայական գագաթնաժողով անցկացնելուց, քանի որ այդ երկիրը չի համապատասխանում այդ գագաթնաժողովի հայտարարված նպատակներին: Սակայն այդ կոչը դուրս է մնացել համաշխարհային կազմակերպության ուշադրությունից։
Փորձագետները հակված են կարծելու, որ Բաքվում այդ նշանակալի գագաթնաժողովի անցկացմամբ միջազգային հանրությունն արձակում է ադրբեջանական իշխանությունների ձեռքերը՝ մարդու համընդհանուր իրավունքների հետագա խախտման տեսանկյունից։