Արմինֆո. ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են հակահրդեհային միջոցառումներին ուղղված լայնածավալ հանրային իրազեկման աշխատանքները:
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով հանրապետության տարածքում լայանածավալ հանրային իրազեկման աշխատանքները շարունակվում են։
Հանրային իրազեկման աշխատանքերը հիմնականում իրականացվում են հանգստյան և զբոսաշրջության համար նախատեսված վայրերում՝ բնության գրկում քաղաքացիների հաճախակի ժամանցով պայմանավորված, որի ընթացքում փրկարարական ծառայողների կողմից անօդաչու թռչող սարքերով և բարձրախոսերով կատարվում են իրազեկման աշխատանքներ։
Միջոցառումների շրջանակներում՝ Երևան քաղաքի փրկարարական և մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերի, հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների ուժերով, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի աշխատակիցների հետ համագործակությամբ, անտառածածկ և բուսածածկ տարածքներում պարբերաբար իրականացվում են հակահրդեհային իրավիճակի մոնիթորինգ, շրջիկ իրազեկում և հակահրդեհային քարոզչական բնույթի աշխատանքներ։
«Օգոստոսի 18-ի դրությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունում ձևավորվել է աշխատանքային 629 խումբ, որից 584-ը՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից, 45-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ։
Իրազեկման աշխատանքներին ներգրավվել է 1385 փրկարարական ծառայող: ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումները 4702 օբյեկտներում, հանրային վայրերում և անտառամերձ տարածքներում բարձրախոսներով և անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացրել են իրազեկում, մարդաշատ վայրերում փակցրել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ 4969 պաստառներ:
Միևնույն ժամանակ, հանրային հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում հնարավոր հրդեհներին արագ արձագանքելու նպատակով արդեն իսկ նախանշված վայրերում 106 մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն՝ հիմնականում ամենագնաց ավտոմեքենաների ներգրավմամբ։
Բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով իրազեկման միջոցառումների շրջանակներում բաժանվել է մոտ 1218 թռուցիկ:
Հանրապետությունում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակը կանխարգելելու նպատակով նշված համալիր միջոցառումները կրում են շարունակական բնույթ», - ասվում է հաղորդագրությունում։