Արմինֆո. Առողջապահության նախարարությունը ոչ միայն չի զբաղվում մարդկանց առողջությամբ, այլև, իր հերթին, վտանգում է: Այդպիսի կարծիք է հայտնել "Իրազեկ և պաշտպանված սպառող" հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող՝ Արևմտյան Նիլ կոչվող վիրուսը, մեկ մարդ մահացել է, շուրջ 20-ը՝ հոսպիտալացվել:
Հատկանշական է, որ պաշտոնական աղբյուրներում այս մասին տեղեկությունը բացակայում էմ, միակ լուրը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջում «Ազատություն» ռադիոկայանի թողարկած ռեպորտաժն է։ Ռեպորտաժին նախորդող և հաջորդող որևէ այլ տեղեկություն չկա, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ տեղեկությունը հանրությանը հասանելի է դարձել լրագրողի նախաձեռնությամբ։ Նույնն է թե, առողջապահության նախարարությունը փորձել է թաքուն պահել, բայց չի ստացվել։
Դեպքերը թաքցնելն ինքնին վտանգում է մարդկանց առողջությունը, քանզի, տեղեկանալով հիվանդության ախտանշանների, կանխարգելման միջոցների մասին, հանրությունը կարող է կիրառել պաշտպանիչ միջոցներ։ Հենց այսպիսին է ԱՀԿ մոտեցումը հիվանդության կանխարգելման և հաղորդակցման մասով։
Զգոնությունը բարձրացնելը ամենևին կապ չունի խուճապ տարածելու հետ, հենց Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը՝ որպես հիվանդության կանխարգելման միջոց, կարևորում է հանրային իրազեկման դերը և հորդորում կիրառել մոծակների դեմ դռների և պատուհանների ցանցեր, օգտագործել միջատներին վանող անհատական միջոցներ, կրել բաց գույնի հագուստ (երկարաթև վերնաշապիկներ և տաբատներ) և այլն։
Առողջապահության նախարարությունը պարտավոր է պարզաբանել․
• Ե՞րբ է հիվանդության կասկածով առաջին հիվանդը դիմել բուժօգնության,
• Ե՞րբ է ախտորոշվել հիվանդությունը և ի՞նչ մեթոդով (միայն կլինիկական, թե նաև լաբորատոր),
• Ինչու՞ է գրանցված դեպքերի մասին տեղեկությունը պահվել թաքուն և չի իրականացվել հանրային իրազեկում՝ այդպիսով վտանգելով հասարակությանը,
• Ինչպիսի՞ն է հիվանդության աշխարհագրությունը, կա՞ն մարզեր, որտեղ ավելի շատ դեպքեր են արձանագրվել և որտեղ հասարակությունը պետք է լինի ավելի զգոն», - գրել է Պիպոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։