Արմինֆո. Տավուշի մարզի Կիրանց գյուղի նոր դպրոցը նախատեսվում է շահագործման հանձնել արդեն այս տարվա սեպտեմբերին: Այդ մասին ասվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունում: Գերատեսչության ղեկավար Եղիազար Վարդանյանն այսօր այցելել է այն շինհրապարակներ, որտեղ կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում աշխատանքներ են տարվում Տավուշի և Կոտայքի մարզերում:
Ըստ աղբյուրի՝ Կոտայքի մարզում Վարդանյանը հետևել է 144 տեղի համար նախատեսված <մոդուլային> տիպի մանկապարտեզի կառուցման աշխատանքների ընթացքին: Տավուշի մարզում կոմիտեի նախագահը հետևել է Կիրանցի դպրոցի շինարարության ընթացքին: "Շինարարությունն ավարտական փուլում է", - նշել են գերատեսչությունում:
Նշենք, որ Կիրանցի նորակառույց դպրոցը սահմանագծման արդյունքում հայտնվել է սահմանի մոտակայքում ։ ԿԳՄՍՆ-ից ավելի վաղ հավաստիացրել էին, որ կկիրառվեն անվտանգության լրացուցիչ միջոցառումներ: Սակայն եթե ծնողները դա էլ անբավարար համարեն իրենց երեխաների անվտանգության ապահովման համատեքստում, ապա պետությունը պատրաստ է նոր դպրոց կառուցել այլ հատվածում ։ "Իսկ այդ շենքը մենք կարող ենք շահագործել այլ նպատակներով", - հայտարարել Է նախարարը։
Մինչդեռ, ՀՀՀ-ին հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն դիտարկմանը, թե Կիրանց գյուղի դպրոցը լինելու է սահմանին մոտ և տեսանելի է լինելու, ինչը նշանակում է, որ անվտանգ չէ, նշել է, որ թեև գյուղի ներկայացուցիչները հակառակն էին պնդում, այն այժմ էլ խոցելի է: < Այդ հանդիպումից հետո ես հատուկ հրավիրեցի մեր զինվորականներին և հարցրի, թե արդյոք այսօր խոցելի են Կիրանց գյուղը և Կիրանցի դպրոցը, արդյոք նրանք ուղիղ նշանառության տակ են, և ինձ պատասխանեցին՝ այո։ Այ սա է տարբերությունը. այսօր դպրոցն ուղիղ նշանառության տակ է, և դպրոցի ու մոտակա ադրբեջանական պահակակետի միջև որևէ խոչընդոտ չկա, իսկ սահմանազատման գործընթացից հետո խոչընդոտ կլինի սահմանազատված սահմանի տեսքով: Հենց դա էլ փորձում եմ հասցնել մեր սիրելի գյուղացիներին ու քաղաքացիներին", - ասել է Փաշինյանը ։ Ի պատասխան հաղորդավարի այն դիտարկմանը, որ եթե նախկինում ադրբեջանցիները տեսողականորեն հեռու էին, իսկ հիմա դպրոցականները նրանց կտեսնեն, վարչապետը նշել է, որ դեռ շատ հարցեր կան, որոնց պատասխանները չկան այնքան ժամանակ, քանի դեռ գետնի վրա աշխատանք չի կատարվել: "Եթե խոսքը վիզուալ տեսանելիության մասին է, ես ասում եմ ՝ կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել", - նշել է նա: