Արմինֆո. Հայաստանի մայրաքաղաք Երևանում շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիությունը գերազանցում է 40%-ը: Այդ մասին օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ՆԳՆ "Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն" ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։
Նրա խոսքով՝ Երևանը սեյսմիկ քարտեզի վրա գտնվում է 9 բալանոց գոտում։ Մինչդեռ, դեռ խորհրդային տարիներից շենքերը կառուցվել են հաշվի առնելով 7-8 բալանոց երկրաշարժերը, ինչը սեյսմիկ ռիսկերի թերագնահատման վկայությունն է։ Հատկապես մտահոգիչ են Երևանի հյուսիս-արևմուտքում և, հատկապես, Գառնիի շրջանում դիտվող խզվածքները:
Ռիսկերի գնահատման ժամանակ հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ, որոնց թվում են գրունտային պայմանները, շենքերի խոցելիությունը, երկրաշարժերի խորությունը և այլն: Կառուցվող շենքերի սեյսմիկ անվտանգության վերահսկողությունն իրականացնում են լիցենզավորված ընկերությունը և քաղաքաշինական, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:
Մասնագետը նշել է, որ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում ավերածություններն անխուսափելի են, բայց դա չի նշանակում, որ մայրաքաղաքի բոլոր շենքերը կոչնչանան: Ռիսկեր կան շենքերի 45 տոկոսի համար, բայց դա էլ չի նշանակում, որ դրանք բոլորը քանդվելու են։ Մարգարյանը նշել է, որ իր ղեկավարած ՊՈԱԿ-ը կառուցվող շենքերի սեյսմակայունության գնահատում չի իրականացնում, թեև համագործակցում է լիազոր կառույցների հետ: Նա նշել է, որ հին շենքերի սեյսմակայունությունը կարելի է ամրացնել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 02:02-ին Երանոս գյուղից 9 կմ հեռավորության վրա ՝ Մարտունի քաղաքից հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնային գոտում ստորերկրյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում ՝ 4 բալ, Երևան քաղաքում ՝ 2-3 բալ ուժգնությամբ: