Արմինֆո. Հերացի փողոցում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հոսպիտալացված տուժածներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 7-ինը` միջին ծանրության: Այդ մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: «9 քաղաքացի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել», - ասվում է հաղորդագրությունում:
ՀՀ Քննչական կոմիտեից արդեն տեղեկացրել են, որ երթուղային ավտոբուսի վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրականացվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ի առավոտյան Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում ցորենով բարձված "Shacman" մակնիշի բեռնատարը բախվել էր թիվ 36 երթուղին սպասարկող "ՄԱՆ" մակնիշի ավտոբուսին, ինչպես նաև կայանված "Տոյոտա" մակնիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է։ Հայաստանի ՆԳՆ-ից այդ առնչությամբ հաղորդել են, որ 20 մարդ տարբեր տեսակի վնասվածքներով տեղափոխվել են մայրաքաղաքի բուժհաստատություններ: