Արմինֆո. Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության և դրանից հետո սպասվելիք հնարավոր հակահարվածի պայմաններում, իրանական շրջանակներում կրկին ակտիվացել են Արցախի օկուպացված հատվածներում իսրայելական գաղտնի ռազմական օբյեկտների տեղակայման և իրական սպառնալիքներ պարունակելու հանգամանքի քննարկումները: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Այն, որ Իսրայելը կոնկրետ շահագրգռվածություն ուներ Արցախի ու հատկապես նրա հարավային` մերձիրանյան հատվածի օկուպացիայի մասով, դա ակնհայտ փաստ է և նրա` Ադրբեջանին հատկացվող ռազմաքաղաքական աջակցությունն ընդգծված էր:
Մյուս կողմից, Արցախի դեմ պատերազմն ու նրա օկուպացիան ուներ նաև աշխարհաքաղաքական բնույթ բոլոր այն ուժերի համար, ովքեր փորձում էին Իրանի դեմ օղակը սեղմել և ճակատն ընդլայնել ու այսօր, առավել քան երբևէ, Ադրբեջանի գործոնն օգտագործվում է Իրանի դեմ օպերացիաներում` հետախուզականից մինչև հնարավոր գործողությունների նախապատրաստում:
Ադրբեջանն այս հանգամանքը փորձում է թանկով ծախել Իրանի թշնամիներին, ինչը որքան էլ առաջին հայացքից արկածախնդրություն է թվում, սակայն մինչև այս պահը հաջողվել է:
Իսկ ի՞նչ է այս ընթացքում արել հայաստանյան իշխանությունը. այո´, հեծանիվ է քշել, հետո էլի քշել, անընդհատ քշել, իսկ արանքում էլ` ֆեստիվալներ կազմակերպել», - գրել է ընդդիմադիր պատգամավորը: