Արմինֆո. Գլխավոր դատախազությունը պահանջում է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման:
Մասնավորապես, ըստ factor.am-ի, դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանին հեռացրել է նիստերի դահլիճից, ապա նրա գործով հանրային պաշտպան ներգրավել։ Երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում՝ առանց Թովմասյանի, ինչպես նաև նրա կողմից ընտրված պաշտպանների մասնակցության, նիստ է տեղի ունեցել, և դատախազը հանդես է եկել ճառով՝ պահանջելով 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտել Թովմասյանին։
Մոտ 2 շաբաթ առաջ Թովմասյանի գործով մյուս մեղադրյալ Նորայր Փանոսյանը չի ներկայացել դատարան, պաշտպանները հայտնել են, որ նա առողջական խնդիրներ ունի։ Փանոսյանը վիրահատվել է։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն էլ որոշել է Փանոսյանի գործն առանձնացնել Թովմասյանի գործից՝ դիրքորոշում հայտնելով, որ նրա առողջական խնդիրների պատճառով պարբերաբար խաթարվում է գործի քննության բնականոն ընթացքը։ Նիստի ընթացքում վիճաբանություն է տեղի ունեցել Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանի և դատարանի միջև։ Դատավոր Գրիգորյանը որոշել է 100 հզ դրամ տուգանք կիրառել պաշտպանի նկատմամբ։ Օրբելյանը լքել է նիստերի դահլիճը։ Այնուհետև վիճաբանություն է տեղի ունեցել նիստին առանց պաշտպանի մնացած Հրայր Թովմասյանի և դատարանի միջև։ Դատավոր Գրիգորյանը որոշել է Թովմասյանին 10 ժամով հեռացնել նիստերի դահլիճից։ Մինչ այս իրադարձությունները Թովմասյանը և նրա մյուս պաշտպան Միհրան Պողոսյանը համաձայնության էին եկել, որ Պողոսյանը դադարելու է ներկայացնել նրա շահերը, ուստի Թովմասյանին հեռացնելուց հետո, փաստացի, նիստին ներկա չեն եղել ո՛չ Թովմասյանը, ո՛չ վերջինիս պաշտպանը։ Դատարանը որոշել է գործում հանրային պաշտպան ներգրավել։ Հանրային պաշտպան Զոյա Սակովան արդեն երկու նիստ է՝ ներկայանում է դատարան, սակայն հայտնել է, որ ո՛չ Թովմասյանի հետ է կարողացել հանդիպել, և ո՛չ էլ Արամ Օրբելյանի հետ է կարողացել կապ հաստատել, ինչից կարելի է ենթադրել, որ պաշտպանը չունի Թովմասյանի համաձայնությունը՝ դատարանում նրա շահերը ներկայացնելու վերաբերյալ, ավելին, այս պաշտպանը, որն իրավունք չունի իր պաշտպանյալի դիրքորոշմանը հակառակ որևէ դիրքորոշում հայտնել դատարանում, չգիտի, թե մեղադրանքի և առհասարակ դատարանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի Հրայր Թովմասյանը, որի շահերի պաշտպանությունն է այժմ ինքը ստանձնել։
factor.am-ը հիշեցնում է, որ դատավարության մասնակիցների նկատմամբ սանկցիա կիրառելու, գործից մաս առանձնացնելու որոշումները պարտադիր հրապարակման ենթակա որոշումներ են, սակայն Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգում դրանք տեղադրված չեն։ «Նշենք, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Հրայր Թովմասյանի գործը քննում է մոտ 4․5 տարի։ Նա այժմ Վերաքննիչ քրեական դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում է, և եթե ԲԴԽ-ն որոշի նրան առաջարկել որպես վերաքննիչ դատարանում դատավորի թեկնածու, իսկ նա ավարտած չլինի Թովմասյանի գործի քննությունն, ապա այն պետք է սկսվի նորից», - գրում է աղբյուրը։