Արմինֆո. Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը շատ հստակ է. ԻԻՀ-ը կողմ է ապաշրջափակմանը, բայց այն պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո: Այդ մասին օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծից տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կետը հանելու մասին Բաքվի հայտարարությանը։ "Մենք կողմ ենք ապաշրջափակմանը, բայց այդ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո", - նշել է իրանցի դիվանագետը: Հարցին, թե ինչ հետեւանքներ կունենա ապաշրջափակման հետաձգումը, Սոբհանին պատասխանել է, որ ապաշրջափակումը կհանգեցնի երթեւեկության ավելացման:
"Բայց այդ հարցի շուրջ պետք է լինի փոխադարձ պայմանավորվածություն և համաձայնություն ։ Եթե կա պայմանավորվածություն, դա նշանակում է, որ մենք մոտենում ենք խաղաղությանը։ Դա ի շահ տարածաշրջանի է, ի շահ՝ տարածաշրջանի ժողովուրդների։ Այն, ինչ արվում է կայուն խաղաղություն հաստատելու համար, մենք աջակցում ենք", - ընդգծել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին "Ազատություն" ռադիոկայանի հետ զրույցում Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը հայտարարել էր, որ բանակցություններն այս պահին դյուրացնող գործոններից մեկն այն է, որ երկու կողմերը համաձայնել են լուծել մնացած հարցերից ամենավիճահարույցը: Այն է ՝ ինչպես կազմակերպել տրանսպորտային երթուղիները, որոնք Ադրբեջանի մնացած մասը կկապեն իր էքսկլավ Նախիջևանի հետ, այսինքն՝ "միջանցքի" հարցը ։ "Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք հանել այդ կետը խաղաղության համաձայնագրից և տեղափոխել այն (քննարկումը) ավելի ուշ փուլ... Այսպիսով, մենք որոշեցինք դա հանել տեքստից, բայց մենք դեռ կարող ենք տեքստում արտացոլել այն փաստը, որ դա այն հարցերից մեկն է, որին երկրները կարող են վերադառնալ ապագայում՝ քննարկելու և ընդհանուր համաձայնության հասնելու համար", - հայտարարել է նա, ընդգծելով նաև, որ Բաքվի պահանջը Հայաստանից ՝ երկրի գլխավոր օրենքը փոխելու մասին է։
Պաշտոնական Երևանը հաստատել է, որ Բաքվի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել են խաղաղության համաձայնագրի նախագծից հանել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հոդվածը: