Արմինֆո. Հայաստանի ու Ադրբեջանի միջև պսյմանավորվածությունը` ռեգիոնալ ապաշրջափակման հարցը հանել «խաղաղության փաստաթղթից» և առանձին քննարկել, մեծ թվով հարցեր է առաջացնում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Ալիևի հատուկ հանձնարարություններով հանձնակատար Էլչին Ամիրբեկովն «Ազատության» հետ հարցազրույցում ասել էր, որ կողմերը, փոխադարձաբար ընդունելի տարբերակ են գտել Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի հարցում, որը Բաքվում «Զանգեզուրի միջանցք» են կոչում տարիներ շարունակ։ «Մենք հասկացանք, որ մենք չենք կարող տեսանելի ապագայում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, եթե Սահմանադրության խնդրից բացի ևս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների բացումը։ Ուստի, երկկողմ համաձայնությամբ որոշեցինք այս պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում, - նշել է Ամիրբեկովը, հավելելով, - երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու պատվիրակությունները կամ երկու երկրները կարող են վերսկսել քննարկումները՝ գտնելու իրենց համար ընդունելի բանաձև Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերաբացելու համար»: Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն, իր հերթին, հայկական լրատվամիջոցներին հաղորդել է, որ Երևանի ու Բաքվի փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը:
Աբրահամյանը նշում է, որ ի սկզբանե «խաղաղության պայմանագիրը» 3 խոշոր բաղադրիչ ուներ` Արցախի հարց, ռեգիոնալ ապաշրջափակում և սահմանների դելիմիտացիա/դեմարկացիա: «Հիմա դրա երկու առանցքային կետերը դուրս են եկել և բանակցությունները մեծ հաշվով միայն սահմանների դելիմիտացիայի շուրջ է մնացել: Բայց այստեղ է, որ գլխավոր հարցն է առաջանում, եթե երկկողմ օրակարգի հիմնական դրույթները հարաբերությունների նորմալացման փաստաթղթով չեն քննարկվում, ապա ի՞նչ կտա ինչ-որ տեսքով պայմանագրի ստորագրումը: Այսինքն, խնդիրը ձևական փաստաթուղթ ստանալն է՞, թե կան այլ հարցեր, որոնք այսբերգի չերևացող հատվածում են», - հարց է տալիս խորհրդարանականը: