Արմինֆո. Ֆինանսական աջակցություն է տրամադրվում բոլոր այն գործատուներին, ովքեր աշխատանքի կընդունեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց:
Ինչպես հաղորդում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ծրագրի շրջանակում գործատուն կարող է աշխատանքի ընդունել 2023 թ․ սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձանց, ովքեր հաշվառված են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում, ունեն գործազուրկի կարգավիճակ և վերջին մեկ ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող։ Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:
Ծրագրի շրջանակում գործատուները կարող են ստանալ երեք ամիս ժամկետով ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով գումար՝ որպես շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարի փոխհատուցում։ Իսկ եթե կազմակերպեք ԼՂ-ից բռնի տեղահանված անձի աշխատանքային պրակտիկան Ձեզ մոտ՝ երեք ամիս ժամկետով, կստանաք ամսական 165,000 դրամ՝ որպես շահառուի աշխատավարձի փոխհատուցում և ևս 3 ամիս ժամկետով ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում։
Ընդ որում, ծրագրով շահառուների թվի հետ կապված սահմանափակում նախատեսված չէ։ Սակայն, գործատուի և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև սահմանված ժամկետի լրանալը լուծելու դեպքում գործատուն պարտավորվում է վճարել հատուցում՝ իր առաջարկությամբ կազմակերպված ուսուցման ընթացքում շահառուին որպես ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ վճարված գումարի չափով կամ վերադարձնել որպես շահառուի աշխատավարձի փոխհատուցում վճարված գումարը։