Արմինֆո. Հնդկաստանը նախատեսում է տարեվերջին սկսել "Akash-1S" ՀՕՊ շարժական համակարգի մատակարարումը Հայաստան: Այդ մասին հաղորդում է Indian Defence Research Wing-ը։
Նշվում է, որ այս քայլը կարևոր հանգրվան կդառնա երկրի պաշտպանական ճյուղի համար, քանի որ Հայաստանը կդառնա այդ արդիականացված հրթիռային համակարգերի առաջին արտասահմանյան պատվիրատուն:
Աղբյուրը նշում է, որ Հայաստանը 2022 թվականին 15 "Akash" հրթիռային համակարգերի պատվեր է կատարել, ինչը կազմում է մոտ 720 մլն դոլար արժողությամբ էական գործարք ։ Ակնկալվում է, որ ՀՕՊ այս առաջադեմ համակարգի ձեռք բերումը զգալիորեն կամրապնդի Հայաստանի ռազմական ներուժն ու պաշտպանունակությունը։
Bharat Dynamics Limited (BDL) ընկերության կողմից արտադրված "Akash-1S" հրթիռն իրենից ներկայացնում է գոյություն ունեցող "Akash" հրթիռի արդիականացված տարբերակը, որը հագեցած է սեփական ինքնաուղղորդման գլխիկով, ինչը բարձրացնում է թիրախի հայտնաբերման եւ որսման հնարավորությունները: Համակարգը օգտագործում է հրամանի ուղղորդման և ակտիվ վերջնական ուղղորդման համադրություն ՝ ապահովելով հուսալի պաշտպանություն օդային սպառնալիքներից, ինչպիսիք են կործանիչները, թևավոր հրթիռները և անօդաչու թռչող սարքերը: