Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում՝ 137,095.4 հազար դրամ գումարի չափով՝ «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի համար Անրի Վեռնոյ 3 հասցեում կառուցված նոր շենքի ներքին հարդարման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման նպատակով:
Կառավարության հաղորդագրության համաձայն, վերոնշյալ ծախսերի կատարման համար նվազեցվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի պետական բյուջեի 1168 ծրագրի 11003, 32001 և 32007 միջոցառումներով նախատեսված գումարների մի մասը, որի հետագայում ամբողջական կամ մասնակի վերականգնման անհրաժեշտությունը բացակայում է: Որոշման ընդունման արդյունքում կամբողջականացվեն «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի նոր շենքային պայմաններ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև Երվանդ Մանարյանի 100–ամյակին նվիրած միջոցառումները։