Արմինֆո. Օգոստոսի 7-ին Փարիզում երեկոյան ծրագրում հայտնի են դարձել Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 77 և 97 կգ քաշային կարգերի մեդալակիրները:
Մինչև 97 կգ քաշային կարգի եզրափակչում հանդիպել են իրանցի ըմբիշ Մոհամմադհադի Սարավին և հայ լեգենդար մարզիկ Արթուր Ալեքսանյանը: Ոսկե մեդալի համար գոտեմարտում հաղթանակ է տարել իրանցի Սարավին, որն օգտագործել է Ալեքսանյանի սխալն ու վաստակել երկու կարեւոր միավոր: Հայաստանի թիմը փորձել է օգտվել բողոքարկման հնարավորությունից, սակայն դա արդյունք չէ տվել։ Արդյունքում՝ Սարավին հաղթել է 4:1 հաշվով և դարձել օլիմպիական նոր չեմպիոն:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մյուս անդամ Մալխաս Ամոյանը նվաճել է բրոնզե մեդալ: Մինչև 77 կգ քաշային կարգում Ամոյանի մրցակիցը Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշ Արամ Վարդանյանն էր: Ամոյանը կարողացել է հաղթել 6:5 հաշվով և դառնալ Փարիզ - 2024-ի բրոնզե մեդալակիր:
Այսօր բրոնզե մեդալի համար կպայքարի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ևս մեկ ներկայացուցիչ՝ Սլավիկ Գալստյանը: