Արմինֆո. Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը օգոստոսի 7-ին այցելել է Աթենքի «Եկատերինի Լասկարիդիս» հիմնադրամ:
Ինչպես հաղորդում է Հունաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, շնորհակալություն հայտնելով հիմնադրամի տնօրեն տիկին Կալի Պագուլատու–Կիպարիսիին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Մկրտչյանն ընդգծել է մշակութային ոլորտի համագործակցության կարևորությունը երկկողմ բարեկամական կապերի զարգացման առումով։ ՀՀ դեսպանը կարևորել է մշակութային միջոցառումների դերը երկու երկրների ժողովուրդների փոխադարձ ճանաչման գործում` նշելով վերջին ժամանակահատվածում կազմակերպված համերգներն ու միջոցառումները։
Զրուցակիցները քննարկել են համատեղ մշակութային միջոցառումներ, ինչպես նաև հիմնադրամի տարածքում գիտական ձեռնարկներ կազմակերպելու հնարավորությունը։
Տկն․ Կիպարիսին, իր հերթին, կարևորել է երկկողմ համագործակցությունը՝ ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը և առաջիկա ծրագրերը: Տկն. Կիպարիսին ընդգծել է հունահայ համայնքի անվանի գիտնականների ավանդը Հունաստանի գիտության և կրթության ոլորտներում։
ՀՀ դեսպանին ներկայացվել են Լասկարիդիս հիմնադրամի գրադարանը, այնտեղ ցուցադրվող գրականությունը և արվեստի գործերը։
ՀՀ դեսպանը հիմնադրամին նվիրաբերել է Հայոց ցեղասպանության, հայոց պատմության և մշակույթի վերաբերյալ անգլերեն և հունարեն լեզուներով գրականություն։