Արմինֆո. Ռուսաստանն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
Նա ընդգծել է երկու երկրների միջև կապերի հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային, տնտեսական բնագավառներում: Որպես դրա օրինակ՝ նա նշել է Հյուսիս-Հարավ միջանցքի իրականացումը, հավելելով, որ այդ առումով եռակողմ հիմքի վրա մեծ աշխատանք է ընթանում։
Հանդիպմանը քննարկվել են "3+3" տարածաշրջանային հարթակի շրջանակում համագործակցության հեռանկարները:
Ալիևն, իր հերթին, կարևորել է տարածաշրջանային գործընթացների շուրջ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կանոնավոր շփումները: Հայտարարելով, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները օրինակ են հարևան որոշ պետությունների համար, Ալիևը դրանք գնահատել է որպես անվտանգության կարևոր գործոն Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում: