Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը համատեղ այց են իրականացրել Տավուշի մարզ:
ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն, Իջևանում հանդիպումներ են տեղի ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում տարբեր հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչների և շահառուների հետ, «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաների, խնամատար ընտանիքի հետ, ուսումնասիրվել են երեխաների խնամքի տրամադրման պայմանները:
Հայկ Ղալումյանը ներկայացրել է մարզի խնդիրները, այդ թվում ՝ սոցիալ-տնտեսական դժվարությունները: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող կանանց և երեխաների իրավունքներին, զբաղվածության ոլորտում կանանց իրավունքներին, ինչպես նաև բռնի տեղահանված անձանց իրավունքներին վերաբերող հարցերի: Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանամերձ շրջանների բնակիչների իրավունքների պաշտպանությանը։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ՄԱԿ-ը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առանցքային գործընկերներից է: Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերը հնարավորություն կտան Տավուշի մարզում իրականացնել բնակչության կյանքի բարելավմանն ուղղված տարբեր ծրագրեր:
Այցի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանը և ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են նաև Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, որտեղ տեղի է ունեցել հանդիպում տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մարդու իրավունքների պաշտպանն իր ելույթում նշել է, որ Հայաստանում, ինչպես ողջ աշխարհում, կանանց իրավունքներն արդիական քննարկումների առարկա են:
Պաշտպանը հանձնառու է ներդնելու իր մանդատին վերաբերելի ամբողջ գործիքակազմը` այցի ընթացքում արձանագրված խնդիրները լուծելու նպատակով։