Արմինֆո. "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն Ազգային ժողովի նախագահին դիմում է ներկայացրել 8-րդ գումարման ԱԺ պատգամավորի լիազորությունները վայր դնելու մասին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգի համաձայն, պատգամավորն իր լիազորությունները վայր դնելու մասին դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում: Եթե դիմումը հրապարակելուց հետո ' 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ չի վերցնում լիազորությունները վայր դնելու մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հունիսի սկզբին հայկական ԶԼՄ-ները, հղում անելով ռուսական աղբյուրներին, հաղորդել էին, որ Մոսկվան վերջապես ագրեման է տրամադրել "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան նշանակելու համար: Նշվում էր, որ հարցումն ուղարկվել է դեռևս անցյալ տարվա աշնանը, սակայն երկար ժամանակ լուրեր էին պտտվում, որ Մոսկվայում մերժել են ագրեմանը ։ Ըստ աղբյուրի ՝ որոշումը կայացվել է մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա ՝ մասնակցելու ԵԱՏՄ նիստին: Նա անձամբ Վլադիմիր Պուտինին խնդրել է ընդունել Գուրգեն Արսենյանի ագրեմանը։