Արմինֆո. ՀՀ քաղաքացիություն ստացած ռուսաստանցի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն արդեն օգոստոսի 12-ին Ցինցինատիի մրցաշարում հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Այդ մասին նա հաղորդել է Facebook-ի իր էջում։
"Ինձ համար մեծ պատիվ է հաղորել, որ ստացել եմ Հայաստանի քաղաքացիություն և հպարտությամբ կներկայացնեմ Հայաստանը երկուշաբթի՝ սկսած Cincinnati Open-ից: Այս ճամփորդությունն անհավանական էր, և ես անհամբերությամբ սպասում եմ, որ սկսեմ հանդես գալ իմ նախնիների հայրենիքի համար: Շնորհակալություն բոլորին անսասան աջակցության համար",- գրել է մարզուհին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էլինա Ավանեսյանը, ով ծնվել է Պյատիգորսկում, պաշտոնապես ստացել է Հայաստանի քաղաքացիություն և առաջիկա մրցաշարերում մրցելու է հայկական դրոշի ներքո: 21-ամյա թենիսիստուհին, որն այժմ 58-րդն է WTA մրցաշարի վարկանիշում, հանդես կգա որպես Հայաստանի ներկայացուցիչ նաև US Open-ում, որը կմեկնարկի օգոստոսի 26-ին: