Արմինֆո. ՀԱԵ Արցախի թեմն արձագանքել է Վատիկանի L'Osservatore Romano պաշտոնաթերթի հրապարակմանը՝ նշելով Արցախի հայկական մշակութային ժառանգության խեղաթյուրման և յուրացման նոր փորձը:
Արցախի թեմում նշել են, որ L'Osservatore Romano թերթում վերջերս տեղ գտած հրապարակումը ադրբեջանական քարոզչամեքենային մատուցած ծառայություն է, տարածաշրջանի և նրա բնիկ հայ ժողովրդի հոգևոր և մշակութային ժառանգության պատմության միանգամայն կեղծ և անհիմն շարադրանքի հերթական փորձը:
«Այցելելով Ադրբեջան և, մասնավորապես, ներկայումս օկուպացված Արցախի Հանրապետության տարածք՝ հեղինակը, Ադրբեջանի քիմքին համապատասխան, ջանացել է նոր շունչ հաղորդել այդ երկրի կողմից մոգոնված հայկական մշակութային արժեքների «աղվանական ծագումնաբանության առասպելին»: Նման քարոզչանյութը հրապարակելուց առաջ հեղինակը, իհարկե, եթե նպատակ ունենար ոչ թե պատվիրված տեսություններ մոգոնելու, այլ իր այցելած վայրերի իրական պատմությունը ներկայացնելու, նախ, պետք է փորձեր գոնե հպանցիկ ծանոթանալու ընդամենն ամիսներ առաջ տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին, դրանց դրդապատճառներին, այնուհետև իր այցելած և մատնանշած Դադիվանքի, Գանձասարի, Խաթրավանքի իրական պատմությանը, նրանց պատերին ու շրջակայքում սփռված տասնյակ հարյուրների հասնող արձանագրություններից գոնե մեկ-երկուսի բովանդակությանը, կամ փորձեր հասկանալ, թե դրանք ինչ լեզվով են գրված, կամ ինչու են հենց հայերեն լեզվով գրված: Այս դեպքում միգուցե ներքին խիղճն ու բարոյականությունը թույլ չտային նմանատիպ պատմություններ հորինելու և քրիստոնեական արժեքների բնույթին ու բովանդակությանը հակասող հորինվածքներ ձևակերպելու և հրապարակելու:
Նման կեղծ ու անհիմն քարոզչությունը միանգամայն դատապարտելի ու անհարգալից վերաբերմունքի դրսևորում է ոչ միայն հայ ժողովրդի, նրա հոգևոր կառույցը հանդիսացող Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյան պատմություն, հոգևոր ու գաղափարաքաղաքական հարուստ կենսագրություն ունեցող նշանավոր հոգևոր-մշակութային կենտրոնների, այլև ընդհանրապես համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության պատմության նկատմամբ», - ընդգծել են Արցախի թեմում:
Ավելի վաղ ԱԺ "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարել էր, որ Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանական վանդալիզմի, ոչնչացման կամ յուրացման քաղաքականությունը շարունակվում է։ «Իրենց այս «գործունեության» մեջ ադրբեջանցիները միջազգային գործընկերներ են գտել և, ցավալիորեն, ձեռքերն հասել է Վատիկան։ Վատիկանում լույս տեսնող L'Osservatore Romano պարբերականում, Ռոսսելա Ֆաբիանիի ստորագրությամբ օրերս լույս է տեսել «Քրիստոնեության ակունքներն Ադրբեջանում․ ալբանական առաքելական եկեղեցու հետքերով» բովանդակությամբ մի հոդված, ուր հեղինակը ներկայացնում է «Կովկասյան Ալբանիա»՝ իրականում Արցախ կատարած իր այսպես կոչված ուսումնասիրական-ճանաչողական այցը։ Հղում անելով տեղացի ինչ-որ գիտաշխատողի, հոդվածագիրը տարածում-ամրագրում է տարածաշրջանում հայերի եկվորության վարկածը՝ արձանագրելով, որ մենք ադրբեջանական հողեր են եկել Իրանից և Թուրքիայից։ Մեկ այլ հաստատման համաձայն ուդիները բռնի դավանափոխ են եղել և առաքելական եկեղեցու հետևորդ դարձել տեղի հայերի կողմից։
Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ռ․ Ֆաբիանիին ուղեկցել է Ախունդովի աշակերտ, ալբանական մշակույթի «գիտակ» Ս․ Հաջիևան։ Եվ, բնականաբար, հեղինակն անվերապահ եզրահանգում է կատարում, որ 13դ․ վանական համալիրներ Դադիվանքը /հոդվածում Խուդավենք է գործածվում/ և Գանձասարը/ հոդվածում՝ Գենջասար/ Ադրբեջանի տարածքում գտնվող ալբանական մշակույթի և ալբանական եկեղեցու խոշորագույն դրսևորումներ են։
Ինչպես տեսնում եք Արցախի հայկական հետքի վերացման ադրբեջանական քաղաքականությունը նոր որակներ և դրսևորումներ է ստանում։ Ցավալի է, բայց իրաղություն է՝ Ադրբեջանին հաջողվել է իր մշակութային զտման/մշակութային ցեղասպանության/ ակամա մասնակից դարձնել ոչ ավել ոչ պակաս՝ Վատիկանին։ Ի դեպ վերոհիշյալ հոդվածում Դադիվանքը ներկայացվում է որպես ալբանական Վատիկան», - գրել է պատգամավորը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։