Արմինֆո. Հույս հայտնելով, որ բարեկամ Լիբանանում կպահպանվի խաղաղությունն ու կայունությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդուհանդերձ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն։ Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում:
«Միաժամանակ, նախարարությունը հորդորում է Լիբանանում այս պահին բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խուսափել վերջին օրերին թիրախավորված շրջաններ այցելելուց և հետևել Լիբանանի իրավասու մարմինների պաշտոնական հաղորդումներին և նախազգուշացումներին։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների բախվելու դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել Լիբանանում ՀՀ դեսպանության հետ», - ընդգծվում է հայտարարությունում։
Կոչը պայմանավորված է Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրման աճող սպառնալիքով։ Վերջին օրերին Իսրայելը բազմիցս հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին, այդ թվում ՝ Բեյրութի ծայրամասերին, ինչը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և վիրավորների: Միջազգային հանրությունը մատների արանքով է նայում Իսրայելի կողմից մեկ այլ ինքնիշխան պետության վրա հարձակմանը։