Արմինֆո. Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 2-ին այցելել է Դիլիջանի երկրագիտական թանգարան:
Թանգարանի ցուցադրությունը դիտելուց հետո Փաշինյանը թանգարանի աշխատակիցների հետ զրույցում ասել է, որ ապշած է տեսածից։ Նրա խոսքով՝ բազմաթիվ անգամ մշակութային հաստատության շենքի մոտով անցնելիս ինքը չէր էլ ենթադրել նկարիչների ստեղծագործությունների նման լուրջ հավաքածուի առկայության մասին, այդ թվում՝ Այվազովսկու "Քրիստոսը և նրա աշակերտները" կտավը: Վարչապետը կոչ է արել ավելի ակտիվ քարոզել թանգարանի ժառանգությունը, կազմակերպելով շրջիկ ցուցահանդեսներ, ինչն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով մշակութային հաստատության ցածր հաճախելիությունը: "Տարեկան ընդամենը 4 հազար մարդ՝ շատ քիչ է։ Ձեզ տարեկան բյուջեից ուղղվում է 32 մլն դրամ, և այստեղ հարց է առաջանում այդ գումարի նպատակահարմարության մասին։ Ցուցահանդեսներ անցկացրեք տեղի բնակիչների շրջանում, այլ՝ ոչ միայն զբոսաշրջիկների համար: Մշտական ցուցադրությունը նման է կահույքի։ Դուք պետք է կյանք ներշնչեք թանգարանին", - ասել է կառավարության ղեկավարը։ Նա նաև կոչ է արել պարբերաբար թարմացնել ցուցադրությունը, որպեսզի թանգարանը չվերածվի պահեստի:
Նշենք, որ այցի շրջանակում Փաշինյանն այցելել է նաև Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզ, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Սուբսիդավորման ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 91 միլիոն դրամ, որից 61 միլիոն դրամը հատկացվել է կառավարության կողմից: Հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերին։
Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում ջրագծի կառուցման ընթացքին: Այստեղ Փաշինյանին զեկուցել են, որ համայնքի շատ տներ ընդհանրապես ջրատարներ չեն ունեցել։ Սուբսիդավորման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 288 մլն դրամ, որից 187 մլն դրամը տրամադրել է կառավարությունը: Աշխատանքները կավարտվեն աշնանը։