Արմինֆո. Ադրբեջանի կողմից հայոց պատմությունը խեղաթյուրելու փորձերի ֆոնին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանը հանդիպում է ունեցել “L’Osservatore Romano” վատիկանյան լրատվամիջոցի տնօրեն, գլխավոր խմբագիր Անդրեա Մոնդայի հետ:
Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել է քրիստոնեական ընդհանուր ժառանգության մաս հանդիսացող հայկական պատմամշակութային, քրիստոնեական հարուստ ժառանգության հանրահռչակման, դրան սպառնացող վտանգների վերաբերյալ իրազեկվածության ուղղությամբ հետագա համագործակցությունը։ «Այս առումով ընդգծվել է, թե որքան կարևոր է, որ երբեք չխեղաթյուրվեն մշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի ինքնությունը, ինչպես նաև պատմական փաստերը, որոնք անհերքելի են և ճանաչված միջազգային հանրության, այդ թվում՝ գիտական հանրության կողմից», - ասվում է դեսպանության հաղորդագրությունում:
Ավելի վաղ ԱԺ "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարել էր, որ Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանական վանդալիզմի, ոչնչացման կամ յուրացման քաղաքականությունը շարունակվում է։
«Իրենց այս «գործունեության» մեջ ադրբեջանցիները միջազգային գործընկերներ են գտել և, ցավալիորեն, ձեռքերն հասել է Վատիկան։ Վատիկանում լույս տեսնող L'Osservatore Romano պարբերականում, Ռոսսելա Ֆաբիանիի ստորագրությամբ օրերս լույս է տեսել «Քրիստոնեության ակունքներն Ադրբեջանում․ ալբանական առաքելական եկեղեցու հետքերով» բովանդակությամբ մի հոդված, ուր հեղինակը ներկայացնում է «Կովկասյան Ալբանիա»՝ իրականում Արցախ կատարած իր այսպես կոչված ուսումնասիրական-ճանաչողական այցը։
Հղում անելով տեղացի ինչ-որ գիտաշխատողի, հոդվածագիրը տարածում-ամրագրում է տարածաշրջանում հայերի եկվորության վարկածը՝ արձանագրելով, որ մենք ադրբեջանական հողեր են եկել Իրանից և Թուրքիայից։ Մեկ այլ հաստատման համաձայն ուդիները բռնի դավանափոխ են եղել և առաքելական եկեղեցու հետևորդ դարձել տեղի հայերի կողմից։
Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ռ․ Ֆաբիանիին ուղեկցել է Ախունդովի աշակերտ, ալբանական մշակույթի «գիտակ» Ս․ Հաջիևան։ Եվ, բնականաբար, հեղինակն անվերապահ եզրահանգում է կատարում, որ 13դ․ վանական համալիրներ Դադիվանքը /հոդվածում Խուդավենք է գործածվում/ և Գանձասարը/ հոդվածում՝ Գենջասար/ Ադրբեջանի տարածքում գտնվող ալբանական մշակույթի և ալբանական եկեղեցու խոշորագույն դրսևորումներ են։
Ինչպես տեսնում եք Արցախի հայկական հետքի վերացման ադրբեջանական քաղաքականությունը նոր որակներ և դրսևորումներ է ստանում։ Ցավալի է, բայց իրաղություն է՝ Ադրբեջանին հաջողվել է իր մշակութային զտման/մշակութային ցեղասպանության/ ակամա մասնակից դարձնել ոչ ավել ոչ պակաս՝ Վատիկանին։ Ի դեպ վերոհիշյալ հոդվածում Դադիվանքը ներկայացվում է որպես ալբանական Վատիկան», - գրել է պատգամավորը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։