Արմինֆո. "Տավուշը հանուն հայրենիքի" բողոքի շարժումը հրապարակում հավաքեց տասնյակ հազարավոր մարդկանց, բայց այդպես էլ չվերաճեց համազգային պայքարի: Նման գնահատականով հանդես է եկել շարժման առաջնորդներից մեկը՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ 24news-ի եթերում:
Պատգամավորի ասելով՝ իր գործունեության բերումով հանդիպումներ է ունեցել ամենատարբեր մասնագիտությունների և ոլորտների ներկայացուցիչների հետ: Բայց, ցավոք, նրանց բոլորին ավելի շատ հետաքրքրում էին կոնկրետ ոլորտի հետ կապված խնդիրները։ Այդ առնչությամբ, ինչպես կարծում է ընդդիմադիրը, պետք է այնպես անեն, որպեսզի շահագրգռեն, ներգրավեն այդ բոլոր մարդկային ռեսուրսները, որպեսզի "շարժումը դառնա համազգային, համահայկական"։
"Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվում էին Հանրապետության հրապարակում, բայց այն (շարժումը) այդպես էլ համահայկական չդարձավ", - հայտարարել է Գառնիկ Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ցույցերը սկսվել էին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ ապրիլի 19-ին Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ սկսել սահմանազատումը Տավուշից: Մայիսի 9 - ին Տավուշից Երևան երթն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, հայտարարելով, որ վարչապետ Փաշինյանը տապալել է պետության կառավարումը բոլոր գծերով, կոչ արեց վարչապետին հրաժարական տալ: Մայիսի 26-ին Գալստանյանը հայտարարվեց է ՀՀ վարչապետի թեկնածու։ Մայիսի 27-ի ժամը 8:00-ից սկսվեցին խաղաղ անհնազանդության ակցիաներ, որոնք, շարժման առաջնորդների մտահղացմամբ, պետք է ստիպեին իշխանություններին հաշվի նստել ժողովրդի կամքի հետ և հեռանալ: Հունիսի 12-ի երեկոյան խորհրդարանի շենքի մոտ բախումներ տեղի ունեցան, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարներին ցրելու համար: Ընդհանուր առմամբ, տուժեց 101 մարդ, այդ թվում ՝ 18 ոստիկան։ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածով:
Հուլիսի 22-ին շարժման առաջնորդը հայտարարել է սեպտեմբերի սկզբին մեծ հանրահավաքի մասին: <Մեր մարտավարությունը փոխվել է, մինչև սեպտեմբեր՝ (կողմնակիցների – խմբ.) հավաքագրման շրջան է, իսկ սեպտեմբերի սկզբին մեծ հանրահավաք է լինելու։ Այս պայքարը կավարտվի միայն այն ժամանակ, երբ ես և մեզանից յուրաքանչյուրը մահանանք", - ասել է նա։