Արմինֆո. ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը Մերձավոր Արևելքը հերթական փոթորիկի առաջ է կանգնեցրել: Նման կարծիք է հայտնել "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության հնարավոր հետևանքները:
«Իրադրությունը ծայրահեղ վտանգավոր է, որովհետև հարձակման ակտն իրականացվել է Իրանի տարածքում:
Եղել են իրավիճակներ, երբ թվացել է, որ իրադարձությունները լայնամասշտաբ գործողությունների կվերածվեն, սակայն հետագայում իրադրությունը լիցքաթափվել է, բայց այս դեպքում պրոցեսները, կարծես, վատագույն սցենարով են զարգանում:
Իսրայելն ու նրա դաշնակիցներն էլ ամեն ինչ արեցին տարածաշրջանային պայթյուն ապահովելու համար, որի վերջին կաթիլն ու առանցքային պահն այն էր, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը կազմակերպեցին Իրանի տարածքում, երբ վերջինս իրանցիների պատվավոր հյուրերից էր և իր ներկայությունն էր ապահովել նորընտիր նախագահի երդումնակալության արարողությանը:
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` շատ դժվար է կանխատեսել, սակայն պետք է հասկանալ ու գնահատել դրա հետևանքները տարածաշրջանում և դրանից դուրս:
ՀԳ. Հայաստանի պարագայում հնարավոր էսկալացիայի մաս դառնալու մասով իմաստ էլ չկա երկար վերլուծել: Այսպիսի իշխանության պարագայում ո´չ սպասելիք կա, ո´չ էլ ակնկալիք», - գրել է Աբրահամյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը զոհվել է չորեքշաբթի գիշեր Թեհրանում գտնվող նստավայրի վրա հարձակման հետևանքով, որտեղ նա ժամանել էր Իրանի նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելու համար: ՀԱՄԱՍ-ում սպանության պատասխանատվությունը դրել են Իսրայելի և ԱՄՆ-ի վրա ։ ՑԱԽԱԼ-ում հրաժարվել են մեկնաբանել Հանիեի ոչնչացման մասին լուրերը ։ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ, քաղբյուրոյի անդամ Մուսա Աբու Մարսուկը նշել է, որ սպանությունը "անպատասխան չի մնա": ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը չի նպաստել Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի մշակման ջանքերին: Դրա հետ մեկտեղ, Սպիտակ տան մամուլի ծառայության համաձայն, նախագահը վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ զրույցի ընթացքում "հաստատել է իր հանձնառությունը Իսրայելի անվտանգության ապահովմանը՝ Իրանի եւ "ՀԱՄԱՍ", "Հըզբոլլահ" և հութիների խմբավորումների կողմից սպառնալիքների ֆոնին: