Արմինֆո. Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբայրը ՝ Արամ Երիցյանը, դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել Ոստիկանության Արաբկիրի բաժին: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ինքը՝ Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով ՝ ՆԳՆ պարեկային ծառայության մինչև 10 աշխատակիցներ փորձել են ստուգել Արամ Երիցյանի ավտոմեքենայի փաստաթղթերը, որը, ըստ իրավապահների, կայանված է եղել սխալ տվայրում: Վիճաբանության արդյունքում Երիցյանին բազմաթիվ հարվածներ են հասցվել, և նա տեղափոխվել է ոստիկանության բաժին, ուր, փաստաբանի խոսքով, ժամանել է նաև շտապօգնության մեքենան:
Իր հերթին՝ փաստաբան Էրիկ Բեգլարյանը նշել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունը Արամ Երիցյանի նկատմամբ, որը զուգորդվել է բազմաթիվ հայհոյանքներով ոչ միայն Արամ Երիցյանի հասցեին, այլ նաև բոլոր արցախցինների նկատմամբ, ոչ այլ ինչ է, քան արցախցինների հանդեպ ուղղորդված անհարգալից վերաբերմունք, ինչու չէ նաև թշնամական վերաբերմունք։ «Այսպիսի դեպքերը խորը հիասթափություն և վրդովմունք են առաջացնում հասարակության շրջանում և հստակ ցույց են տալիս, որ համակարգի ներսում առկա են լուրջ խնդիրներ և թերություններ։ Եթե իմ խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, ապա անհապաղ պետք է ձերբակալվեն բոլոր այն ոստիկանները, որոնք անմիջապես մասնակից էին այդ ծեծկրտուքին՝ հստակ ցուցադրելով, որ պետությունն արժեվորում է մարդու իրավունքները և իր քաղաքացիների անվտանգությունը։ Առանց այդպիսի գործողությունների հասարակությունը կարող է կորցնել վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ, ինչը կարող է բերել ավելի մեծ խնդիրների ու անկարգությունների։ Նման դեպքերը չպետք է մնան անպատիժ, և պետությունը պետք է վճռականորեն պայքարի բոլոր այն երևույթների դեմ, որոնք խաթարում են հասարակական կարգը և վտանգում քաղաքացիների արժանապատվությունը։ Արդարության հաստատումը պահանջում է, որ մեղավորները կրեն իրենց գործողությունների պատասխանատվությունը՝ անկախ նրանից, թե ինչ դիրք կամ պաշտոն են զբաղեցնում», - գրել է փաստաբանը ։