Արմինֆո. ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել փակել գիտատեխնիկական գրադարանը, իսկ շենքը հանել վաճառքի։ Այդ առնչությամբ անորոշ է մնում գրադարանի արժեքավոր ֆոնդերի ճակատագիրը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու ընդդիմադիր "Մայր Հայաստան" խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը:
«Գիտատեխնիկական գրադարանի կարևորությունը մեր պետության համար ահռելի է։ Սննդամթերքի, արդյունաբերության, շինարարության և այլ կենսական կարևորություն ունեցող ոլորտների ԳՈՍՏ-եր, արտոնագրեր, գյուտեր ու էլի շատ կարևոր` շուրջ 22 միլիոն փաստաթղթեր պահպանված են այս գրադարանում։ Գրադարանի շենքը ևս եզակի է նրանով, որ գրքերի պահպանման համար այստեղ կառուցված է օդափոխության համակարգ, որը այլ տեղ այս մասշտաբի հնարավոր չէ կառուցել։ Սակայն օրվա իշխանությունն, այս գրադարանը բեռ համարելով, որոշել է փակել, և շենքը արդեն հանված է աճուրդի, իսկ գրադարանի այդչափ կարևոր գանձերի ճակատագիրը անհայտ է։ Ո՞վ գիտի, թե փակումից հետո պետության զարգացման համար խիստ կարևոր գրքերը որտեղ և ոնց կկորչեն կամ կոչնչացվեն...», - գրել է Աննա Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ ավելի քան 60 տարի գոյություն ունեցող գիտատեխնիկական գրադարանը 1991 թվականից գտնվում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ: 2009 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ գրադարանը ներառվել է ՊՈԱԿ-ի կազմում ՝ կորցնելով հանրապետական կարգավիճակը: Նշենք, որ Հայաստանում գործող գրադարանի 4 մասնաճյուղերից (Գյումրիում, Վանաձորում, Կապանում և Հրազդանում) հնարավոր է պահպանվի միայն Գյումրու մասնաճյուղը: