Արմինֆո. Համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգը ամբողջությամբ կներդրվի 2027 թվականին: Այդ մասին օգոստոսի 1-ին ճեպազրույցում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ բժշկական ապահովագրությունը փուլ առ փուլ ներդրվում է երեք տարվա ընթացքում։ Եվ նման մոտեցումը, նախարարի կարծիքով, թույլ կտա առողջապահական համակարգին պատրաստ լինել դիմումների թվի աճին։ "Մեր կողմից իրականացվող լայնածավալ ներդրումները , կապիտալ շինարարությունը, համակարգային փոփոխությունները, որակի վերահսկումն իրենց արդյունքները կտան նաև բժշկական ապահովագրության համակարգում", - ասել է Ավանեսյանը:
Հարցին, թե ինչու է ուշանում ընդհանուր բժշկական ապահովագրության ներդրման առաջին փուլը, որը նախատեսված էր 2024 թվականին, գերատեսչության ղեկավարը դժվարացել է ուղիղ պատասխանել, միայն նկատելով, որ ավելի կարևոր են կատարված մանրակրկիտ աշխատանքները, քան ժամկետները։
Հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովներում կայացած լսումների ժամանակ հաղորդել էր, որ համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի մեկնարկը կտրվի 2024 թվականի կեսերից, այդ նպատակներին կուղղվի 18 մլրդ դրամ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ համակարգն ամբողջությամբ կաշխատի 2027 թվականից ։ Նախատեսվում է, որ 2024 թվականին դրան մասնակից կդառնան շահառուների մեծ մասը, 2025 թվականին դրան կմիանան կենսաթոշակառուները, իսկ 2026 թվականին՝ բժշկական ապահովագրության կամավոր համակարգի մասնակիցները։ Քաղաքացիների հետ միջոցների կուտակման գործընթացին կմասնակցի նաև ՀՀ կառավարությունը: Այդ նպատակով կստեղծվի հիմնադրամ, որը կկառավարի շահառուների միջոցները։ Հիմնադրամին կից կստեղծվի խորհուրդ, որի ղեկավարը կլինի ՀՀ առողջապահության նախարարը ։