Արմինֆո. Անկարան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը, եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ "Sabah" թերթին տված հարցազրույցում:
"Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդիպումները շարունակվում են, մենք նույնպես պետք է պատրաստենք մեր սցենարը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման դեպքում", - նշել է թուրք դիվանագետը: Նրա խոսքով՝ ներկայում այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ "Արդյունքում՝ մենք կկարողանանք իրականացնել դրական սցենար, այսինքն՝ բացել Հայաստանի հետ սահմանը", - ամփոփել է Ֆիդանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։ Վերջում նրանք վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։
2021 թվականի դեկտեմբերի 13-ին կարգավորման գործընթացի մեկնարկի մասին հաղորդել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ Ադրբեջանի հետ համակարգմամբ:
Հավելենք, որ ս.թ. մարտի 1-ին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած "Խաղաղությունը, զարգացումը և կապերը Հարավային Կովկասում" քննարկման ժամանակ Ռուբինյանին առաջարկել էր հանդիպումներ անցկացնել կամ Անկարայում, կամ Երևանում: