Արմինֆո. Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի ստորագրի այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել ՀՀ սահմանադրությունը, և ՀՀ Սյունիքի մարզով տրանսպորտային միջանցք չի տրամադրվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ Ամերիկյան Հադսոնի ինստիտուտի առցանց սեմինարում իր ելույթի ժամանակ:
Ադրբեջանցի պաշտոնյան խոստովանել է, որ Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում զգալի առաջընթաց է նկատվում, բայց " միակ խոչընդոտը Հայաստանի տարածքային նկրտումներն են Ադրբեջանի նկատմամբ, որոնք պարունակվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում: Նա նաև նշել է, որ, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" բացումը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը և կփոխի խաղի կանոնները տարածաշրջանում:
"Մեզ համար, եթե մենք խոսում ենք հաստատուն, կայուն խաղաղության մասին, Զանգեզուր տրանսպորտային հաղորդակցության բացումը խաղաղության հաստատման անմիջական արդյունքներից մեկն է, որը կարող է օգուտ բերել ոչ միայն Ադրբեջանին, այլև՝ Հայաստանին, քանի որ Հայաստանը մեկուսացված է և զրկված է Հարավային Կովկասում տնտեսական նախագծերին մասնակցելու հնարավորությունից", - ասել է նա, այդպիսով ևս մեկ անգամ ապացուցելով, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի պահանջները մեծանում են Երևանի յուրաքանչյուր նոր զիջումից հետո, եւ միակողմանի զիջումների շարանը վերջ չունի: