Արմինֆո. Ադրբեջանը երկրի երեսից ջնջել է Սյունիքի և Արցախի սահմանին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած "Մեծ և Փոքր Սյունիքներ" հուշակոթողը: Այդ մասին հաղորդում է MONUMENT WATCH անկախ ակադեմիական հարթակը, որը գրանցում և ներկայացնում է Արցախի մշակութային ժառանգության վիճակը, փոփոխությունները և մեկնաբանություններ է տալիս ակադեմիական էթիկայի շրջանակներում՝ հիմնվելով մասնագիտական գիտելիքների վրա:
Այսպիսով, Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել Արցախի տարածքում հայկական ներկայության հետքերը ՝ միջազգային հանրության լուռ խրախուսման և անգործության ֆոնին:
Հուշարձանը կառուցվել է 2004 թվականին ճարտարապետ Սևադա Զաքարյանի կողմից ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի այն ժամանակվա տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի ֆինանսավորմամբ։ Հուշարձանի գաղափարը Մեծ ու Փոքր Սյունիքներիի միասնությունն էր (Արցախը պատմականորեն կոչվել է Փոքր Սյունիք)։
2007 թվին Արցախի Հանրապետություն մուտքը մատնանշող հուշարձանի կողքին տեղադրվել է խաչքար: Ավելի վաղ հուշարձանի ճարտարապետն իր մտահոգությունն էր հայտնել "Սյունյաց երկիր" թերթի խմբագրությանը, նշելով, որ հուշարձանի ամբողջական ապամոնտաժումն ու տեղափոխումը Սյունիք անհնար է, քանի որ քարերը կդառնան ոչ պիտանի, ինչը թույլ չի տա հուշարձանը նախկին տեսքի բերել: Տեղափոխել կարելի է միայն նրա մոտ տեղադրված խաչքարը Հայկական կողմը խաչքարը տեղափոխել է 2023 թվականի ապրիլի 3-ին, և սա կարելի է բացառություն համարել, երբ հուշարձանը դուրս է բերվում իր պատմական լանդշաֆտից, անջատվում իր ամբողջականությունից՝ հանուն փրկության: Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն արդեն բղավում են հուշարձանի մոտալուտ քանդման մասին։