Արմինֆո. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը գնահատական է տվել հայ գործընկեր Ռուբեն Ռուբինյանի հետ այսօր սահմանին տեղի ունեցած բանակցությունների 5-րդ փուլին:
"Մենք հանդիպումների 5-րդ փուլն անցկացրեցինք Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանային շրջանում, հայկական կողմում՝ առավոտյան, և թուրքական կողմում ՝ օրվա երկրորդ կեսին։ Կառուցողական մթնոլորտում մենք քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները եւ հետագա առաջխաղացման հնարավորությունները", - գրել է Սերդար Քըլըչը Twitter-ի իր միկրոբլոգում։
Ինչպես այսօր արդեն հաղորդել է ԱրմԻնֆո-ն, հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։ Վերջում նրանք վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։