Արմինֆո. Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։ Վերջում նրանք վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումը։ Կողմերը պայմանավորվել են հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել հայ - թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը երրորդ երկրների քաղաքացիների համար, որոնք այցելում են, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա, և որոշել են անհրաժեշտ գործընթացներ սկսել այդ ուղղությամբ: Պայմանավորվել են նաև ամենասեղմ ժամկետում Հայաստանի և Թուրքիայի միջև բեռների ուղիղ ավիափոխադրումներ իրականացնելու շուրջ և որոշում են կայացրել անհրաժեշտ գործընթացներ սկսել այդ ուղղությամբ: Ի վերջո, կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու իրենց պայմանավորվածությունը:
2021 թվականի դեկտեմբերի 13-ին կարգավորման գործընթացի մեկնարկի մասին հաղորդել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ Ադրբեջանի հետ համակարգմամբ:
Հավելենք, որ ս.թ. մարտի 1-ին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած "Խաղաղությունը, զարգացումը և կապերը Հարավային Կովկասում" քննարկման ժամանակ ելույթի ժամանակ Ռուբինյանին առաջարկել էր հանդիպումներ անցկացնել կամ Անկարայում, կամ Երևանում: