Արմինֆո. Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը պատասխանել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նամակին, որում միջազգային մարզական կազմակերպություններին կոչ է արվում քայլեր ձեռնարկել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ:
"Շատ շնորհակալություն Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի վերաբերյալ ձեր նամակի համար։
Ինչպես դուք գիտեք, ՄՕԿ-ը խաղաղության կողմնակից է, և մեր մտքերն ու զգացմունքները մնում են անմեղ զոհերի և մարդկանց հետ, ովքեր տուժել են մեծ թվով կոնֆլիկտներից և պատերազմներից ողջ աշխարհում։
Մենք շարունակում ենք հույս փայփայել, որ կարելի է գտնել խաղաղ լուծում, ինչի մասին վկայում է Օլիմպիական ավանում հրադադարի որմնանկարի բացումը և մեր շարունակական կոչերը՝ ուղղված բոլոր կառավարություններին, որպեսզի խաղաղությանը շանս տրվի։ Մենք կոչ ենք անում բոլոր Ազգային օլիմպիական կոմիտեներին և նրանց ղեկավարներին, թիմերի մենեջերներին և մարզիկներին՝ իրենց ներդրումն ունենալ խաղաղության գործում՝ նպաստելով փոխըմբռնմանն ու հարգանքին խաղադաշտում և դրա սահմաններից դուրս՝ օլիմպիական արժեքներին և օլիմպիական շարժման հիմնարար սկզբունքներին համապատասխան: Շնորհակալություն ըմբռնման և համագործակցության համար", - ասված է նամակում:
Հիշեցնենք, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նամակ էր հղել միջազգային օլիմպիական հանրությանը ՝ կոչ անելով ջանքեր գործադրել Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու համար՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով օլիմպիական շարժման վեհ գաղափարներին։ Նամակում Ծառուկյանն ընդգծել է, որ այս պահին երկու պետությունները գտնվում են խաղաղության հաստատման գործընթացում, և որպես պատանդ պահվող բանտարկյալների ազատ արձակումը կօգնի խաղաղ գործընթացին և իրավիճակի կայունացմանը տարածաշրջանում:
Նշենք, որ պաշտոնական տվյալներով Ադրբեջանում են գտնվում 23 հայ գերիներ, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներ. նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը: