Արմինֆո. 2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղի ժամանակավոր զորանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ սույն քրեական վարույթի շրջանակներում իրավասու մարմինների կողմից թույլ տրված առերևույթ հանցավոր արարքների համար քրեական հետապնդում հարուցելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար։
«Տուժող կողմն իր տարակուսանքն է հայտնել այն մասին, որ թե՛ ռազմական ոստիկանության աշխատակիցները, թե՛ վարույթն իրականացնող մարմինը, մասնավորապես այդ գործը քննելու նպատակով ստեղծված քննչական խումբն իր իրավասություների շրջանակներում չի ձեռնարկել համապատասխան միջոցներ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու նպատակով որոշ նյութական միջոցներ առգրավելու և զննելու համար։
Մեկ անգամ ևս պնդում ենք, որ վերը նշվածը վկայում է այն մասին, դեպքի օրվանից սկսած համապատասխան իրավասու մարմինները չեն ձեռնարկել համապատասխան քայլեր, որի արդյունքում խախտվել է դեպքի վայրը, էական նշանակություն ունեցող ապացույցները վերացվել կամ թաքցվել են, որպեսզի պայմաններում գտնում ենք, որ համապատասխան իրավասություն ունեցող անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Նկատի ունենալով վերը նշվածը՝ տուժող կողմը պահանջել է Գլխավոր դատախազից և ՀՀ զինվորական դատախազի իրենց իրավասությունների շրջանակներում ձեռնարկել գործուն քայլեր, այն է՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում հարուցել քրեական հետապնդում մեղավոր անձանց նկատմամբ», - գրել է Նորիկ Նորիկյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Փաստաբանը նաեւ հաղորդել է, որ ս. թ․հուլիսի 31-ին ժամը՝ 12:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի է ունենալու Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը։
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորային վաշտի ժամանակավոր զորանոց ծառայող շինությունում հրդեհի արդյունքում զոհվել էր 15 զինծառայող, ևս երեքը այրվածքներով տեղափոխվել էին այրվածքաբանական կենտրոն: ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ արտակարգ պատահարի պատճառ է դարձել վառարանում կրակ վառելու համար ավտոբենզինի օգտագործումը: Ողբերգությունից հետո զբաղեցրած պաշտոններից ազատվել են զորամիավորման յոթ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ՝ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարը, կորպուսի թիկունքի շտաբի պետը, մարտական հերթապահության գծով հրամանատարի տեղակալը, ինժեներական ծառայության պետը, ինժեներասակրավորային վաշտի հրամանատարը և ՀՀ ԶՈՒ թիկունքային ապահովման հակահրդեհային անվտանգության պետը: