


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հաղորդագրության համաձայն, Թեհրանում ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում կունենա ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին: Հուլիսի 28-ին Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին ԻԻՀ նախագահի պաշտոնում: Փեզեշքիանը նախագահ է ընտրվել արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում, որը նշանակվել էր 2024 թվականի մայիսին ավիավթարի հետևանքով նախորդ նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ: Մասուդ Փեզեշքիանը կրթությամբ սրտային վիրաբույժ է, առողջապահության նախկին նախարար և Իրանի խորհրդարանի պատգամավոր: Երկրորդ փուլում նրա մրցակիցը ծայրահեղ պահպանողական թեկնածու Սաիդ Ջալիլին էր ։



