


Արմինֆո. "Ազատություն" ռադիոկայանի (Պրահայի ծրագրային կենտրոն) նախկին աշխատակից Արմեն Քոլոյանն ընտրվել է Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն: Որոշումը կայացրել է Հանրային հեռարձակողի խորհուրդը՝ հուլիսի 29-ին:
Արմեն Քոլոյանի թեկնածությանը կողմ են քվեարկել Հանրային հեռարձակողի խորհրդի 5 անդամներ, իսկ նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը (լիազորությունների ժամկետն ավարտվել է այս տարվա ապրիլին) ստացել է 0 ձայն: Նա այդ գործընթացն անօրինական է համարում։
«Շատ կուզեի հաղթող մասնակցին բարի ընթացք մաղթել, բայց սա այդ դեպքը չէ։ Մրցույթի արդյունքը վարչաիրավական աճպարարության հետևանք է, որը տանում եմ դատարան։ Խնդիրը քննարկվել է ոլորտի մի շարք ամենահեղինակավոր մասնագետների հետ, և ընդհանուր պատկերացումն այն է, որ իրավիճակը պետք է պատշաճ իրավական գնահատական ստանա։ Սկսում ենք բողոքարկել մրցույթի արդյունքները՝ ամենայն հավանականությամբ հենց այսօրվանից։ Ընթացքը կանխատեսելի էր, հայցերը՝ վաղօրոք նախապատրաստված», - գրել է Խումարյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Ուշագրավ է, որ մեկ շաբաթ առաջ Հանրային ռադիոյի նախկին տնօրենը հայտարարել էր, որ հեռարձակողի նոր տնօրենի պաշտոնի համար մրցույթի արդյունքներն արդեն որոշված են, և ընտրությունները սոսկ իմիտացիա են: Սոցիալական ցանցում իր գրառման մեջ նա նշել էր, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը հուլիսի 29-ին հաղթող կհայտարարի Արմեն Քոլոյանին: Ընդ որում, նա ակնարկել էր, որ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանի և տնօրենի թեկնածու Արմեն Քոլոյանի միջև կարող էին գաղտնի պայմանավորվածություններ լինել, որոնք ազդել են մրցույթի արդյունքների վրա: Խումարյանը Հանրային հեռարձակողի խորհրդից պահանջել է դադարեցնել "քստմնելի այս ֆարսը" և անցկացնել նոր մրցույթ՝ անկախ ընտրիչների մասնակցությամբ, ինչպես ընդունված է 2010 թվականից: Խումարյանը հիշեցրել է, որ ապրիլի 5-ին խորհուրդն իր որոշմամբ վերացրել էր անկախ մրցութային հանձնաժողովը:



