Արմինֆո. Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, և մենք հանձնառու ենք այդ գործընթացի աջակցմանը։ Եկել է խաղաղության ժամանակը։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ՝ ի պատասխան հայ-ամերիկյան զորավարժությունների և Բաքվի արձագանքի մասին "Ամերիկայի Ձայն"-ի հայկական ծառայության հարցերին:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում հիշեցրել են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև երկարամյա գործընկերության մասին, որի օրինակն է Կանզաս [նահանգի] ազգային գվարդիայի հետ նրանց կայուն համագործակցությունը՝ [ԱՄՆ] պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի շրջանակներում: «ԱՄՆ-ն առանձին պաշտպանական և անվտանգային հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ներառյալ՝ համագործակցությունը բազմազգ զորավարժություններում՝ Վրաստանում վերջերս տեղի ունեցած Agile Spirit, ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության և մի շարք այլ երկկողմ ձևաչափերով՝ [ԱՄՆ] պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի նման", - նշել են ԱՄՆ Պետդեպարտամենտում:
Անդրադառնալով ԱՄՆ վարչակազմի հնարավոր փոփոխությունից հետո երկրի արտաքին քաղաքականության փոփոխության մասին հարցին՝ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հաղորդել է. «Պետքարտուղարությունը անկուսակցական հաստատություն է։ Միացյալ Նահանգների կառավարության արտաքին քաղաքականությունը կարող է փոխվել տարբեր նախագահական վարչակազմերի օրոք։ Այնուամենայնիվ, ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները մնում են անփոփոխ, որոնք ներառում են անվտանգության, ժողովրդավարության, բարգավաճման և զարգացման խթանում Միացյալ Նահանգներում և ողջ աշխարհում»: