Արմինֆո. Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյի թեկնածությունը՝ որպես Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ: Նա իր պարտականությունները կստանձնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ին՝ նախնական 12 ամիս ժամկետով։ Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի կայքում զետեղված հաղորդագրությունում։
Հիշեցվում է, որ այդ պաշտոնում Գրոնոն կփոխարինի Տոյվո Կլաարին։ "Որպես ԵՄ նոր ներկայացուցիչ ՝ տիկին Գրոնոն կշարունակի իր նախորդների գործը՝ նպաստելով տարածաշրջանում ԵՄ արտաքին քաղաքական նպատակների իրականացմանը: Նա կնպաստի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, ներառյալ Վրաստանի ճգնաժամը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ սերտ համակարգմամբ։ Նա կփոխգործակցի տարածաշրջանի հիմնական շահագրգիռ կողմերի հետ եւ կզարգացնի շփումները կառավարությունների, խորհրդարանների, այլ առանցքային քաղաքական խաղացողների եւ քաղաքացիական հասարակության հետ ՝ խրախուսելով եւ հեշտացնելով համագործակցությունը տարածաշրջանային այն թեմաների շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում", - հավելել են Եվրահանձնաժողովում։
Նաեւ նշվում է, որ Գրոնոն Չեխիայի քաղաքացի է, ներկայում զբաղեցնում է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավոր դիվանագիտական խորհրդականի պաշտոնը: Նա վերջին 25 տարիների ընթացքում աշխատել է արտաքին քաղաքականության և հակամարտությունների լուծման հարցերի վրա, այդ թվում ՝ ԵՄ-ում բարձր մակարդակի դիվանագիտական պաշտոններում, ինչպես նաև վերլուծական կենտրոններում ՝ հատուկ ուշադրություն դարձնելով նախկին խորհրդային տարածքին և, մասնավորապես, Հարավային Կովկասին: Մինչ նախագահ Միշելի աշխատասենյակ մտնելը նա Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականն էր: Նախկինում նա Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրենն էր: