Արմինֆո. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը՝ փոքրահասակ երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ: Այդ մասին ասվում է ԿԳՄՍՆ հայտարարությունում:
«ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և հետամուտ է լինելու, որպեսզի միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատական: Բռնության ցանկացած դրսևորում անհարիր է կրթական միջավայրին, և նման գործելաոճով առաջնորդվողները տեղ չունեն և չեն կարող ունենալ ուսումնական հաստատություններում, որոնցում պետք է առաջնային լինի երեխայի լավագույն շահի պաշտպանությունը», - ընդգծվում է հայտարարությունում:
ՆԳՆ-ում նույնպես արձագանքել է իրավիճակին, տեղեկացնելով, որ ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին: «Հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։ ՆԳՆ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել է հաղորդում։ Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է Վեդիի Թումանյան փողոցում, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել ՔԿ Վեդիի քննչական բաժին», - հաղորդել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։