Արմինֆո. Կիրանց գյուղի բնակիչների անշարժ գույքի կադաստրային վկայագրերը վավեր են այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը հակառակը չի ապացուցել: Այդ մասին հուլիսի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը։
"Օրենքով նախատեսված է, որ կադաստրային վկայագրերը համարվում են ճիշտ եւ ապացուցողական ուժ ունեն այնքան ժամանակ, քանի դեռ դատարանի որոշմամբ անվավեր չեն ճանաչվել", - նշել է նա:
Անդրադառնալով Արդարադատության նախարարության հայտարարությանը, թե՝ Տավուշի Կիրանց գյուղի բնակիչներին անշարժ գույքի կադաստրային վկայագրերը նախկինում տրվել են սխալմամբ, ինչի կապակցությամբ չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ այդ տարածքները համարվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մաս, Ալեքսանյանը նշել է. "Մնացած տեղեկատվությանը ես չեմ տիրապետում, հնարավոր է, նման դեպքեր լինեն, ես դա չեմ բացառում։ Մնացածը կիրականացվի սահմանված կարգով":
Դիտարկմանը, թե՝ քանի որ սահմանագծումն իրականացվելու է սահմանի ողջ երկայնքով, արդյոք սահմանային այլ հատվածներում քաղաքացիների սեփականության իրավունքի հետ կապված խնդիրների վերաբերյալ որևէ տեղեկություն ունեն, Կադաստրի ներկայացուցիչը պատասխանել է, որ նման տեղեկություն չունի:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանազատում իրականացնելուց հետո ադրբեջանական կողմին է փոխանցվել 30 անձի պատկանող 54 Անշարժ գույք (2 տուն և հողամասեր): Մինչդեռ, ինչպես հայտարարել են իրավագետները, Կադաստրի կոմիտեն Կիրանց գյուղի բնակիչներին տրամադրել է այդ օբյեկտների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականներ, հետևաբար, այդ տարածքները Հայաստանի Հանրապետության տարածք են: