Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը Հայաստանի Հանրապետության բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին՝ շարունակում են անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից: Նման մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտար պարզաբանել ցանկացած իրավիճակ և կկանխարգելեր իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը:
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են: ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից:
Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումներին, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը, բազմիցս նշել ենք, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որևէ այլ նպատակ չունի: Բանակի բարեփոխումների գործընթացում Հայաստանի Հանրապետությունը գործում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում:
Նաև հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական խողովակներով և հրապարակային Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմ ստեղծել և համապատասխան պայմանագիր կնքել, ինչը նույնպես Ադրբեջանը թողել է անպատասխան: Չնայած սրան, նաև այս առաջարկն է շարունակում մնալ ուժի մեջ», - ընդգծել է Անի Բադալյանը:
Նշենք, որ այսօր Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, իբր, Քարվաճառի (Քելբաջարի) ուղղությամբ ծանր զենքի և քվադրակոպտերի կիրառմամբ իրականացված սադրանքների մասին: Ավելին, նրանց գերատեսչությունում որոշել են իրենց դժգոհությունն արտահայտել Վաշինգտոնի և Բրյուսելի, ինչպես նաև Փարիզի հասցեին։ "ԱՄՆ - ի կողմից Հայաստանում անցկացված զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքով զինելը և Եվրոպական միության կողմից Հայաստանին նախնական փուլում Խաղաղության եվրոպական հիմնադրամի քողի տակ 10 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն ցուցաբերելը ոգեշնչում են Հայաստանին նման սադրանքներ իրականացնելու և վկայում են Ադրբեջանի դեմ հերթական պատերազմին նախապատրաստվելու մասին", - երեւակայել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում: Եվ վերջում, արդեն ավանդույթի համաձայն, Ադրբեջանում որոշել են սպառնալիքների հերթական չափաբաժինը հնչեցնել Հայաստանի հասցեին։ «Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ նախազգուշացնում է Հայաստանին և նրա հովանավորներին այն մասին, որ նրանք պետք է զերծ մնան Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու մտադրությունից: Եթե մեր երկրի դեմ նման սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա պատշաճ պատասխան միջոցներ կձեռնարկվեն ինքնապաշտպանության նպատակով՝ զինանոցում առկա բոլոր միջոցների օգտագործմամբ", - հայտարարել է Արցախի և Հայաստանի նկատմամբ պատերազմական հանցագործությունների համար իր անպատժելիությամբ ոգեշնչված ռեժիմը։