Արմինֆո. Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը արժանացել է հեղինակավոր Tools Competition-ի 2023-24-ի գլխավոր մրցանակին՝ կրթության ոլորտում արհեստական բանականության ինտեգրման ուղղությամբ կենտրոնի ակնառու աշխատանքի համար: Այս մրցույթում, որն անցկացվում է այնպիսի առաջատար կազմակերպությունների աջակցությամբ, ինչպիսիք են OpenAI-ը, Bill and Melinda Gates Foundation-ը, Schmidt Futures-ը և Ballmer Group-ը, այս տարի ավելի քան 1900 ընդունված հայտերից Թումոն ճանաչվել է հաղթողներից մեկը բարձրագույն անվանակարգում։
«Մենք ինտեգրում և զարգացնում ենք AI լուծումներ բազմաթիվ մակարդակներում», - ասել է Թումոյի՝ Զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը: «Շարունակաբար կատարելագործում ենք մեր ուսումնական հարթակը՝ ստեղծելով գեներատիվ արհեստական բանականության շուրջ ուսումնական բովանդակություն՝ որպես նոր հմտությունների զարգացման ոլորտ, և այն ինտեգրում ենք մեր տեխնոլոգիական և դիզայներական բոլոր դասընթացների մեջ՝ սկսած ծրագրավորումից և խաղերի մշակումից, մինչև ֆիլմարտադրություն և գրաֆիկ դիզայն»:
«Թումո» կենտրոնի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Tools Competition-ը կֆինանսավորի Թումոյի AI Learning Coach ծրագրի մշակումը: Այս նորարարական մոդելը հիմնվելու է ուսանողների կրթական գործընթացների միլիոնավոր ժամերի տվյալների վրա՝ ստեղծելով եզակի ուսումնական շավիղներ, որոնց շնորհիվ առավելագույն արդյունավետ փորձառություն կապահովվի յուրաքանչյուր սովորողի համար: Ծրագրի թիմը փորձարկումներ կկատարի տարբեր AI տեխնոլոգիաներով և կտրամադրի անանուն տվյալներ Stanford AI Lab-ի, Berkeley School-ի և Carnegie Mellon University-ի հետազոտողներին՝ աջակցելով AI-ի և կրթական տեխնոլոգիաների ոլորտներում մի շարք լրացուցիչ նախագծերի:
Թումոն իր ուսանողներին մեքենայական ուսուցման և AI դասընթացներ տրամադրելու մեծ փորձ ունի: Կենտրոնի՝ գեներատիվ AI-ի ավելի լայն ինտերգումը սկսվել է AI-ի և կրթության վերաբերյալ գլոբալ սիմպոզիումով, որն անցկացվեց 2023 թվականի սեպտեմբերին: