Արմինֆո.Հունիսի 12-ին "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման նախաձեռնած հանրահավաքի ժամանակ ուժայինները ցուցարարների նկատմամբ կիրառել են անհամաչափ ուժ և լուսաձայնային "Զարյա-3" տիպի նռնակներ, ինչը հակասում է "մարդկանց նկատմամբ հատուկ միջոցների կիրառման թույլատրելի չափանիշներ սահմանելու մասին" հրամանին: Որոշ ժամանակ անց փոփոխություններ են կատարվել այդ հրամանում, ինչը թույլ է տվել "Զարյա-3" տիպի նռնակը ներառել թույլատրելի միջոցների ցանկում։
Կառավարության հուլիսի 25-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում լրագրողներն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից պահանջել են ներկայացնել հիմնավորումներ նման քայլի համար, սակայն առողջապահության նախարարը նշել է, որ հատուկ պարզաբանումների կարիք չի տեսնում: "Կառավարության որոշումները, նախարարի հրամանները և մեր կարգավորումները ժամանակ առ ժամանակ փոխվում են, որովհետև փոխվում է նաև մեր կյանքը", - պատասխանել է նախարարը:
Հարցին, թե քաղաքացիների առողջության համատեքստում որքանով են անվտանգ այդ նռնակները, Ավանեսյանն անմիջապես վկայակոչել է մասնագիտացված կառույցների որոշումը, որոնց եզրակացության մեջ նշված է, որ "Զարյա-3" - ը համապատասխանում է ստանդարտներին: