Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են գեղարվեստական և վավերագրական կինոյի անվանի ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանին՝ քննարկելու «Հավերժական լույս» լիբրետոյի կյանքի կոչման և ստեղծագործական փուլի մեկնարկի մանրամասները:
ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով մեծանուն Վարպետի վաստակն ու ներդրումը հայկական կինոյի զարգացման գործում, ընդգծել է՝ «Հավերժական լույս» լիբրետոյի առաջնախաղը, իրավամբ, կարող է դառնալ նոր խաղաշրջանի գլխավոր իրադարձությունը: Նա նշել է, որ Արտավազդ Փելեշյանի նոր ստեղծագործությունն արվեստի տարբեր ճյուղերի հետաքրքիր համադրություն է, և ամեն ինչ պետք է անել, որպեսզի լիբրետոն հասանելի լինի ոչ միայն հայ, այլև համաշխարհային բեմերում:
Արտավազդ Փելեշյանի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքները բավական ժամանակատար կլինեն՝ հաշվի առնելով, որ «Հավերժական լույս» լիբրետոն բարդ ստեղծագործություն է: