Արմինֆո. Երևանն ու Թեհրանը 500 մլն դոլար արժողությամբ զենքի մատակարարման շուրջ խոշոր համաձայնագիր են ստորագրել: Այդ մասին հաղորդում է Իրան International-ը՝ վկայակոչելով Մերձավոր Արևելքում բարձրաստիճան զինվորական պաշտոնյայի։
Աղբյուրի համաձայն, համաձայնագիրը ներառում է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարում ՝ Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման համար: Համաձայնագիրը նախատեսում է նաև սպառազինության համատեղ արտադրություն և տեխնիկական սպասարկում: Մասնավորապես, խոսքը Shahid 136, Shahid 129, Shahid 197 և Mohajer դրոնների մասին է։ Այդ համաձայնագրի հիման վրա նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանին կտրամադրի "Սոմ Հորդադ", "Մաջիդ" հակահրթիռային պաշտպանության համակարգեր, 15 "Հորդադ" և "Արման"հակահրթիռային պաշտպանության համակարգեր:
Ըստ Iran International-ի իրազեկ աղբյուրի, պաշտպանական համագործակցության շուրջ համաձայնագիրը, որը բաղկացած է Իրանի և Հայաստանի միջև մի քանի պայմանագրերից, չի սահմանափակվում անօդաչու թռչող սարքերի և ՀՕՊ համակարգերի առաքմամբ, դիտարկվում են հետախուզական ոլորտում համագործակցությունը, սերտ ռազմական կապերը, Հայաստանի տարածքում բազաների կառուցում եւ ուսուցում:
"Թեհրանի և Երևանի միջև զենքի վերաբերյալ այդ համաձայնագրի մասին ոչ մի հաշվետվություն նախկինում չի հրապարակվել։ Իրանի և Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները չեն պատասխանել այդ պայմանագրի վերաբերյալ Iran International-ի հարցերին", - նշում Է աղբյուրը:
Սոցիալական ցանցերի հայկական հատվածում այս լուրի հայտնվելուց հետո Հայաստանի իշխանությունների հետ փոխկապակցված մի շարք թելեգրամյան ալիքներ սկսել են հերքել այն՝ անվանելով ապատեղեկատվություն։ Նյութի հրապարակման պահին ԱրմԻնֆո-ին չի հաջողվել ՀՀ ՊՆ-ից ստանալ տվյալ հաղորդագրության հաստատում կամ հերքում:
Հավելենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը դարձել է հնդկական սպառազինության խոշորագույն գնորդներից մեկը: Հնդկական IADN լրատվական գործակալության տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանի կողմից Հնդկաստանից զենքի գնումների ընդհանուր ծավալը 2024-2025 ֆինանսական տարում հասել է 600 միլիոն դոլարի: