Արմինֆո. Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը գործընկերների փնտրտուքներում չի գնա Կիևի ճանապարհով՝ ընտրություն կատարելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
"Մենք ապավինում ենք Հայաստանի քաղաքական իմաստությանը, մենք հարգանքով ենք վերաբերվում նման որոնումներին, մենք միայն չէինք ցանկանա, որպեսզի այդ որոնումները կատարվեին այն ռեժիմով, որը ժամանակին ընտրել էր Կիեւի ռեժիմը, այսինքն՝ "կամ-կամ"։ Քաղաքական տեսլականի նման անայլընտրանքայնությունն այն չէ, ինչ մենք կցանկանայինք տեսնել", - ասել է Պեսկովը լրագրողներին՝ ի պատասխան Հայաստանին 10 միլիոն եվրոյի ռազմատեխնիկական օգնություն տրամադրելու ԵՄ որոշումը մեկնաբանելու խնդրանքին:
Միաժամանակ, Պեսկովը նշել է, որ"Հայաստանն ինքնիշխան երկիր է, որն ինքն է ընտրում փոխգործակցության գերակա ուղղությունները": Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար դաշնակից և եղբայրական երկիր է: "Հայաստանն ինքնիշխան երկիր է, որն ինքն է ընտրում իր համար փոխգործակցության գերակա ուղղությունները։ Մեզ համար այդ երկիրը մեր դաշնակիցն է, մեզ համար եղբայրական երկիր", - ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ պատասխանել է Պեսկովը։ Նա նշել է, որ Ռուսաստանին և Հայաստանին "կապում է շատ խորը պատմությունը և բովանդակային առումով բավականին հագեցած ներկան":
Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հուլիսի 22-ին ընդունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով Հայաստանի Զինված ուժերին աջակցության 10 միլիոն եվրոյի չափով օգնությունը: Օգնության այս միջոցառման նպատակն է բարձրացնել ՀՀ զինված ուժերի նյութատեխնիկական ներուժը, ինչպես նաև նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության բարելավմանը: Այն նաև ուղղված է Հայաստանի դիմակայունության բարձրացմանը և նրա զինված ուժերի օպերատիվ համատեղելիության խթանմանը ՝ միջազգային, այդ թվում ՝ ԵՄ-ի կողմից ծավալված ռազմական առաքելություններին և գործողություններին երկրի հնարավոր ապագա մասնակցության դեպքում: Կոնկրետ՝ օգնության ընդունված միջոցը թույլ կտա գումարտակային ստորաբաժանման համար ապահովել վրանային ավանի լիարժեք տեղակայում։ Եվրահանձնաժողովում նշել են, որ ընդունված աջակցությունը կտրամադրվի Հայաստանի հետ ԵՄ գործընկերության շրջանակներում, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա եւ ուղղված է Հայաստանում եւ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ բարգավաճման խթանմանը: