Արմինֆո. «Մեր բոլոր ջանքերը միտված են կայուն և զարգացող երկիր ունենալուն», - հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանի հետ հանդիպմանը, որին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանն ու Սիրիան բարեկամ երկրներ են և երկու երկրների քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, իսկ տնտեսության ոլորտում փոխգործակցությունն ունի զարգացման մեծ ներուժ. «Հայաստանը գնում է տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով, այս համատեքստում կարող ենք համատեղ ուժերով տնտեսական համագործակցությունը էլ ավելի զարգացնել։ Ըստ էության՝ մեր բոլոր ջանքերը միտված են կայուն և զարգացող երկիր, և ինչու չէ, տարածաշրջան ունենալուն»,-ասել է նախարարը։
Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-սիրիական համագործակցության զարգացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, ինչպես նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների, գործարար համաժողովի կազմակերպման հնարավորությունները։
Զրուցակիցներն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարներին։
Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը։