Արմինֆո. Եվրամիությունը կորցրել է խաղաղ հիմքը և չունի խաղաղության ներուժ։ Սա ակնհայտ փաստ է, որի մասին Մոսկվան բազմիցս խոսել է։ Այդ մասին հուլիսի 24-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵՄ-ի կողմից Հայաստանին 10 մլն եվրոյի չափով օգնություն հատկացնելու մասին հաղորդագրությունները՝ այն պայմաններում, երբ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ բանակցությունները չեն ավարտվել։
"Գուցե, խորքերում ինչ-որ բան մնացել է, բայց այն, ինչ կարելի էր բերել աշխատանքային վիճակի և կիրառել, մենք չենք տեսնում։ Ժամանակին, եղել են ժամանակներ, երբ ԵՄ-ը գոնե խոսքով ձգտում էր խաղաղ, կայուն իրադրության, փորձում էր ինչ-որ բանակցություններ վարել հանուն նման նպատակների", - նշել է ռուս դիվանագետը։
Զախարովայի խոսքով՝ "այսօր ԵՄ-ը ռազմականացման, առճակատման գիծ է որդեգրել, սպասարկում է ոչ թե սեփական քաղաքացիների, այլ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերը": "Հաստատվում են նաև մեր նախազգուշացումները, որ Արևմտյան այդ ողջ արշավը գործը տանում է այն բանին, որպեսզի պարտադրի համատարած առճակատում, ողջ հետխորհրդային տարածքը վերածի աշխարհաքաղաքական դիմակայության թատերաբեմի", - հավելել է Զախարովան:
"Եմ մտահղացման համաձայն, առկա հակասությունների ուժեղացումը, այդ թվում՝ Բաքվի և Երևանի միջև, համապատասխանում է Ռուսաստանին, այլ երկրներին զսպելու խնդիրներին, որոնք ինքնիշխան և Արևմուտքից անկախ քաղաքականություն են վարում", - ասել է նա, սարկազմով հարցնելով, թե ինչպես կարող է Արևմուտքը վերապրել այն փաստը, որ աշխարհի քարտեզի վրա մեկ կոնֆլիկտային կետ պակասի։ "ՀՀ ԶՈՒ-ին աջակցելու համար 10 մլն եվրո հատկացնելու ԵՄ ծրագրերի հետևում, անշուշտ, կանգնած են աշխարհաքաղաքական հաշվարկներ։ Մասնավորապես, տարածել իր ապակառուցողական ազդեցությունը Անդրկովկասի վրա։ Մենք վստահ ենք, որ, այսպես կոչված, Խաղաղության եվրոպական հիմնադրամը ոչ խաղաղության, ոչ կայունության, ոչ անվտանգության մասին է։ Դա պատերազմի, երկրներ հրահրելու, արյունահեղության մասին է", - ամփոփել է Զախարովան։
Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հուլիսի 22-ին ընդունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով Հայաստանի Զինված ուժերին աջակցության 10 միլիոն եվրոյի չափով օգնությունը: Օգնության այս միջոցառման նպատակն է բարձրացնել ՀՀ զինված ուժերի նյութատեխնիկական ներուժը, ինչպես նաև նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության բարելավմանը: Այն նաև ուղղված է Հայաստանի դիմակայունության բարձրացմանը և նրա զինված ուժերի օպերատիվ համատեղելիության խթանմանը ՝ միջազգային, այդ թվում ՝ ԵՄ-ի կողմից ծավալված ռազմական առաքելություններին և գործողություններին երկրի հնարավոր ապագա մասնակցության դեպքում: Կոնկրետ՝ օգնության ընդունված միջոցը թույլ կտա գումարտակային ստորաբաժանման համար ապահովել վրանային ավանի լիարժեք տեղակայումը ։ Եվրահանձնաժողովում նշել են, որ ընդունված աջակցությունը կտրամադրվի Հայաստանի հետ ԵՄ գործընկերության շրջանակներում, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա եւ ուղղված է Հայաստանում եւ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ բարգավաճման խթանմանը:
Խաղաղության եվրոպական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականի մարտին ՝ ֆինանսավորելու ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում գործողությունները, որոնք ուղղված են հակամարտությունների կանխարգելմանը, խաղաղության պահպանմանը և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Մասնավորապես, Խաղաղության եվրոպական հիմնադրամը թույլ է տալիս ԵՄ-ին ֆինանսավորել երրորդ պետությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների կարողությունների հզորացմանն ուղղված գործողությունները ՝ կապված ռազմական և պաշտպանական հարցերի հետ: ԵՄ խորհուրդը նաև "կանաչ լույս" է տվել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու համար: